Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պաշտոնական այցով Շիրակի մարզում էր:
«Այցելում ենք ոչ թե այն տեղերը, որտեղ խնդիրները լուծված են, այլ հակառակը, այն տեղերը, որտեղ կան խնդիրներ, ու փորձում ենք լուծել դրանք: Մենք չենք հասցնում մեկ այցի ընթացքում ամեն ինչ ֆիքսել, բայց եթե կարողանանք այն, ինչ ասում ենք, կատարել ժամանակին, արդեն լուրջ առաջընթաց կլինի տվյալ ոլորտում»,- ասաց նա:
Մշակութային շրջայցը սկսվեց Արթիկ քաղաքի գեղարվեստի դպրոցից, ավարտվեց Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ «Չիպոլինո» պարային-երաժշտական ներկայացման պրեմիերայով: Նախարարը ծանոթացավ Մարմաշենի վանքային համալիրում վերջին տարիներին իրականացված վերականգնողական աշխատանքներին, Մերկուրովի տուն-թանգարանի ջրահեռացման խնդրին, այցելեց նաև Վահրամաբերդի մշակույթի տուն, Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան և մշակութային այլ կենտրոններ: Հանձնվեցին նաև նախատոնական նվերներ ու պատվոգրեր:
«ՄԻՆՉ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ՇԵՆՔԸ ՋՐԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆ ԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ»
Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի վերանորոգումը կընդգրկվի ՀՀ կառավարության Շիրակի մարզի հրատապ լուծում պահանջող խնդիրների 2015 թվականի ծրագրում: Ըստ ամենայնի, այն կվերանորոգվի եկող տարի, ինչի համար պահանջվում է մոտ 45 միլիոն դրամ: Այս մասին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և թանգարանի աշխատակիցներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԸ:
Մերկուրովի տուն-թանգարանը հիմնադրվել է 1984-ին, այն տանը, որտեղ ծնվել է անվանի քանդակագործը: 1950 թվականին Մերկուրովն իր հայրական տունը նվիրել է հայրենի քաղաքին՝ ցանկություն հայտնելով, որ այն արվեստի կենտրոն դառնա: Տուն-թանգարանում ներկայացված են քանդակագործի կյանքն ու ստեղծագործությունը: Ցուցադրության հիմնական մասը զբաղեցնում է մշակույթի և քաղաքական անվանի գործիչների դիմակների հավաքածուն: Հիմնական ֆոնդը կազմում է 2660 առարկա: Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը տեղակայված է Ձիթողցյանների առանձնատանը:
«Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ փոխանցմամբ` տուն-թանգարանը 2003-ին «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է, բայց տարածքի ստորգետնյա ջրերի պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում: 2013-ին նախատեսված վերանորոգումը հետաձգվել է: Մինչ վերանորոգումը շենքը ջրերից պաշտպանելու համար կիրառելու են դրենաժային համակարգ:
Թանգարանային շրջայցից հետո Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով երկրաշարժից տուժած մշակութային օջախների խնդրին, ասաց, որ կորուստը մեծ է եղել բոլոր բնագավառներում, նաև մշակութային օջախների հետ կապված. «Երբ «Գյումրին մշակութային քաղաք» ծրագրի բացման ժամանակ ելույթ էին ունենում Գյումրու համույթները, Երևանից եկած հյուրերը հետաքրքրվեցին, թե այս համույթները որտե՞ղ են գործել: Ես ասացի` ամեն մեկը մի տեղ: Գործել են վատ պայմաններում, բայց կարողացել են պահպանել իրենց ձևը: Այսօր փոխվել է մշակութային կյանքը, պայմանները բավականին լավ են: Իհարկե, խնդիրներ էլ կան, որոշ դպրոցներ, թանգարաններ վատ վիճակում են, երաժշտական խմբեր կան, որ տեխնիկա չունեն: Հիմա մենք գտնվում ենք Ձիթողցյանների առանձնատանը: Այստեղ պայմանները լավ են, կողքին Մերկուրովի թանգարանն է, որն ունի վերանորոգման կարիք»:
«Իրատես de facto»-ի՝ «Ի՞նչ փոխեց «Գյումրին մշակութային մայրաքաղաք» ծրագիրը քաղաքի կյանքում» հարցին, ասաց. «Շատ մեծ բան փոխվեց: Առաջին հերթին փոխվեց կյանքի ռիթմը, ստեղծվեց լավ մթնոլորտ: Մի անգամ ևս հիշեցրեց մեր իսկական դերը հանրապետությունում: Պատահական չէ, որ դրանից հետո գյումրեցիները լիաթոք, հպարտությամբ ասում էին` մենք մշակութային կենտրոն ենք, մշակութային մայրաքաղաք»:
Շիրակի մարզպետի խոսքով` Գյումրիում շատ են խնդիրները, բայց առաջնային են աշխատատեղերի ստեղծումը, վթարային շենքերի ամրացումը, ճանապարհների վերականգնման, ջրագծերի ոռոգման խնդիրը: Մարզի մասշտաբով էլ նույն խնդիրներն են:
«ՈՐՄՆԱՆԿԱՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է 10 ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՔՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼ»
Վահրամաբերդի մշակույթի տան նախասրահը մարդաշատ էր: ՈՒշադրության կենտրոնում Մինաս Ավետիսյանի հանրահայտ որմնանկարն էր` «Հայաստանը»:
1988-ի ավերիչ երկրաշարժից փլված մշակույթի պալատից, բարեբախտաբար, կանգնած է մնացել այն պատը, որի վրա «Հայաստան» որմնանկարն էր: «Հայաստանը» կատարված է գաջի կրային սվաղի հիմքի վրա: Մասնագետների բնորոշմամբ` բնական և մեխանիկական ազդեցությունների հետևանքով առկա էին որմնանկարի սվաղի շերտի տեղաշարժ, տարանջատված, դատարկ հատվածներ, ներկի շերտերի քայքայում, վնասված ու կորսված մասեր:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ որմնանկարի անխաթար պահպանման, ինչպես նաև տարբեր բնույթի ազդեցություններից առաջացած վնասը վերականգնելու համար իրականացվել են մաքրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներ: Մասնագետների փոխանցմամբ՝ վերականգնված որմնանկարի պահպանման համար պետք է 10 աստիճանի տաքություն ապահովել: Ջեռուցման ամսական ծախսն այդ դեպքում կկազմի 700 հազար դրամ: Նման գումարներ, սակայն, մշակույթի նախարարությունը չի նախատեսել: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը խոստացավ այդ նպատակի համար գումար տրամադրել:
«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ շատերին կհետաքրքրի «Հայաստանը», ժամանակ է պետք, որ մարդիկ տեղեկանան վերականգնված որմնանկարի մասին, շատերը, ըստ նրա, չգիտեն անգամ, թե որտեղ է Վահրամաբերդը:
Որմնանկարները մայրաքաղաք տեղափոխելու հետ կապված վեճերը, կարծես, դադարել են: Մեր այս դիտարկմանն անդրադառնալով` ասաց. «Ես այդ հարցին միշտ էլ «ոչ մի կերպ» եմ վերաբերվել: Եթե Հայաստանի Հանրապետությունում է, ուրեմն Հայաստանի Հանրապետությունում է: Կոնկրետ Վահրամաբերդի դեպքում շատ ճիշտ որոշում է ընդունվել, կարող էր մնալ իր տեղում ու վերականգնվել: Այսինքն, երբևիցե ինքնանպատակ չի եղել տանելը կամ չտանելը»: Գյումրեցիների անհանգստությունն էլ ինքնանպատակ չէր: «Դրական է նրանց ընկալումը արվեստի, Մինասի նկատմամբ»,- համաձայնեց Արման Ավետիսյանը: Նրա տեղեկացմամբ` Մինաս Ավետիսյանի 12 որմնանկարներից 6-ը Գյումրիում են: Երկուսը կորցրել են երկրաշարժի ժամանակ: Վերականգնված են բոլոր որմնանկարները, բացառությամբ Շիրակի մարզի Ազատան գյուղի որմնանկարի:
Մինաս Ավետիսյանի որդին շատ է սիրում հատկապես «Հայաստանը», սակայն նրան անհանգստացնում են կլիմայի տատանումները և մարդկային գործոնը. ըստ նրա` երեխաները կարող են ձեռք տալ, անզգուշությունից ապահովագրված չէ Մինաս Ավետիսյանի լավագույն աշխատանքներից մեկը:
«Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամը 2010-2012 թթ. ամրակայել, վերականգնել կամ տեղափոխել է Մինաս Ավետիսյանի «Հանդիպում», «Խաչքարի մոտ», «Գորգ են գործում», «Երկանք», «Թել են մանում», «Հայկական հովվերգություն» և այլ որմնանկարները: Վերականգնման աշխատանքներն իրականացրել են հայ մասնագետները՝ իտալացի վերականգնող մասնագետ, պրոֆեսոր Ֆաբրիցիո Յակոպինիի անմիջական ղեկավարությամբ:
Վահրամաբերդի մշակույթի տունը վերակառուցվել է 2012-ին: Եռահարկ կառույցի առաջին հարկում գտնվում են համայնքի գրադարանը, խաղասենյակներ, երկրորդ հարկը զբաղեցնում գյուղապետարանը և երաժշտական դպրոցը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ